ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«ՔԱՆԻ ԴԵՌ ԱՄԵՆ ԻՆՉ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ ՉԷ, ՈՉԻՆՉ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ ՉԷ»

«ՔԱՆԻ ԴԵՌ ԱՄԵՆ ԻՆՉ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ ՉԷ, ՈՉԻՆՉ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ ՉԷ»
22.01.2010 | 00:00

Ինչպես հայտնի է, մի քանի տարվա անգործությունից և լճացումից հետո միջուկային սպառազինությունների հավասարակշռման և դրանց կրճատման խնդիրը կրկին հայտնվել է քաղաքական գործիչների օրակարգում։ Եվ այս դաշտում, ինչպես նախկինում, որոշիչ դերակատարություն ունեն ԱՄՆ-ը և Ռուսաստանը։ Անցած տարվա հուլիսին Բարաք Օբաման և Դմիտրի Մեդվեդևը պայմանավորվեցին, որ կկրճատեն իրենց երկրների միջուկային մարտագլխիկները` հասցնելով դրանց թիվը 1500-ի։ Ավելին, ԱՄՆ-ի նորընտիր նախագահը հայտարարեց, որ ամերիկյան ներկայիս քաղաքականության հիմնական նպատակն է միջուկային սպառազինությունների վերացումն առհասարակ, թեպետ դա հնարավոր է միայն հեռավոր ապագայում։
Միաժամանակ, անցած տարվա ընթացքում արտահայտված բարի մտադրությունների ու լավատեսական հայտարարությունների խորապատկերի վրա նկատելի էր նաև պայմանավորվածությունների իրագործման արգելակում։ Արդյունքում չհաջողվեց հանգել նոր պայմանավորվածությունների, և 2009-ի դեկտեմբերի 5-ից սկսած ժամանակակից աշխարհն ապրում է առանց Միջուկային հարձակողական սպառազինությունների կրճատման նոր պայմանագրի, որովհետև նախորդ պայմանագրի ժամկետը լրացավ հենց այդ օրը։ Առաջին հայացքից սարսափելի ոչինչ տեղի չի ունենում, և պայմանագրի բացակայությունն անգամ չի ստեղծում ռուս-ամերիկյան միջուկային հակամարտության իրական մտահոգություն։ Չկա նաև անհանգստություն պայմանագրի բացակայության պայմաններում միջուկային սպառազինությունների հերթական մրցավազքի հնարավոր ծավալման հետ կապված։ Այնուհանդերձ, ռազմավարական սպառազինությունների կրճատման նոր պայմանագրի ձևավորման աշխատանքները մնում են արդիական խնդիր համաշխարհային քաղաքականության մեջ։
Ոչ շատ վաղուց միջազգային տարբեր ԶԼՄ-ներով տարածվեց տեղեկություն, որ ԱՄՆ-ը և Ռուսաստանն ընդամենը մի քանի քայլ են հեռու նոր պայմանագրից։ Բանակցային գործընթացն այս հարցի շուրջ կվերսկսվի այս տարվա հունվարի վերջին կամ փետրվարի սկզբին և, ըստ ամերիկյան աղբյուրների, առավել հավանական ժամկետը հունվարի 25-ն է, իսկ բանակցությունների վայրը` Ժնևը։ Առայժմ պատվիրակությունները «տնային աշխատանքի» կատարման փուլում են։ Ռուսաստանի նախագահն արդեն հայտարարել է. «Բանակցություններն անպայման շարունակվելու են, դրանք այդքան հեշտ չեն ընթանում, բայց շատ ուղղություններով մենք ամերիկացիների հետ հանգել ենք պայմանավորվածության»։ Իր հերթին ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Էլեն Թոշերը, որն զբաղվում է հատկապես միջազգային անվտանգության և սպառազինությունների վերահսկման հարցերով, նշել է. «Կարծում եմ` մենք շատ մոտ ենք նոր պայմանագրի ստորագրմանը»։
Այս ոչ լավատեսությամբ հանդերձ, կողմերը միաժամանակ չեն դադարում մեկը մյուսին բանակցությունների ձգձգման մեջ մեղադրելուց, ինչը մեկնաբանվում է իբրև հակառակ կողմից նոր զիջումներ պոկելու մարտավարություն։ Միջուկային ռազմավարական սպառազինությունների կրճատման հարցն այնքան քաղաքականացված է, որ բանակցող կողմերը չեն խուսափում ներքաղաքական նշանակության գործընթացներում այն օգտագործելուց, առաջնորդվելով հայտնի սկզբունքով` «քանի դեռ ամեն ինչ համաձայնեցված չէ, ոչինչ համաձայնեցված չէ»։ Ռուսաստանը և ԱՄՆ-ն առայժմ միմյանց կտրականապես հակասող տեսակետներ ունեն նոր պայմանագրի որոշիչ հոդվածների վերաբերյալ։ Հատկապես լուրջ հակասություններ են առկա մեկը մյուսի միջուկային պոտենցիալը վերահսկելու մեխանիզմների հետ կապված։ Այդ երաշխիքները գոյություն են ունեցել նախորդ պայմանագրում, և ԱՄՆ-ի նախագահի ներկայիս վարչակազմը ցանկանում է, որ համապատասխան ձևակերպումները տեղ գտնեն նաև նոր պայմանագրում։ Ամերիկացիները պնդում են, թե վերահսկողական գործողությունները ժամանակին իրենց թույլ են տվել իրականում վերահսկել Ռուսաստանում միջուկային հրթիռների արտադրությունը։ Սակայն ռուսական կողմը ոչ շատ վաղուց պահանջեց դադարեցնել այդ ստուգումները և նոր պայմանագրի ստորագրումը պայմանավորում է նրանով, որ ինքն էլ պետք է իրավասություն ունենա վերահսկողության համապատասխան մեխանիզմներ կիրառելու ընդդեմ Վաշինգտոնի։ Միևնույն ժամանակ, պաշտոնական Մոսկվան միջուկային ռազմավարական սպառազինությունների վերաբերյալ նոր պայմանագիրը կապում է Եվրոպայում ամերիկյան հակահրթիռային պաշտպանության համակարգ տեղակայելու հետ։ Մասնավորապես, Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը երկու խնդիրների լուծումը տեսնում է նույն համատեքստում և ոչ շատ վաղուց հայտարարել էր. «Թող ամերիկացիները մեզ տրամադրեն հակահրթիռային պաշտպանության հետ կապված ամբողջ տեղեկությունը, և այդ ժամանակ էլ մենք պատրաստ կլինենք նրանց փոխանցելու հարձակողական նշանակություն ունեցող ռազմավարական պոտենցիալի վերաբերյալ տեղեկություն»։
Եվ այստեղ էլ կարծես խոփը քարին դեմ առավ, քանի որ ամերիկացիները Ռոնալդ Ռեյգանի ժամանակներից ի վեր Մոսկվայի հետ «տեղեկատվության փոխանակման ոչ մի մտադրություն ու ցանկություն չեն դրսևորել»։ 1980-ականներից սկսած հակահրթիռային պաշտպանության համակարգն ԱՄՆ-ի ռազմաքաղաքական ստրատեգիայի կարևորագույն բաղկացուցիչներից մեկն է։ ՈՒստի զարմանալի չէր, որ Ռուսաստանի վարչապետի հայտարարությանն անմիջապես հետևեց ԱՄՆ-ի պետդեպարտամենտի արձագանքը, ուր նշված էր, թե «ամերիկյան հակահրթիռային պաշտպանության համակարգի ստեղծումը և միջուկային ռազմավարական սպառազինությունների վերաբերյալ նոր պայմանագրի ստորագրումը փոխկապակցված խնդիրներ չեն»։ ՈՒստի և Վաշինգտոնը մտադիր է այդ հարցերը քննարկել առանձին-առանձին։
Անշուշտ, փոխադարձ վստահության հաստատմանը չի նպաստում նաև Ռուսաստանի` նոր բալիստիկ հրթիռներ նախագծելու և արտադրելու մտադրությունը, ինչպես նաև Արևելյան Եվրոպայում, որոշ տվյալների համաձայն` նաև Իսրայելում, իր հրթիռները տեղակայելու ԱՄՆ-ի ցանկությունը։ Այսպես, ռուսներն արդեն որպես «ոչ բարեկամական» քայլ են որակել ամերիկյան «Պետրիոտ» հրթիռների, թեկուզ սահմանափակ խմբաքանակ տեղակայելու մտադրությունը Վարշավայի մոտ, ինչպես նաև ռուս-բելառուսական սահմանից մոտ 100 կմ հեռու։ Սա չի խանգարում ամերիկացիներին իրենց հերթին ռուսներին մեղադրել միջմայրցամաքային բալիստիկ հրթիռները նորացնելու մտադրության համար։ Ռուսներն արդեն հայտարարել են, որ ամիսներ անց կավարտվի «Տոպոլ-Մ» հրթիռների արդիականացումը։ Նրանց կարծիքով` այս հրթիռները, համադրվելով ռուսական ստորջրյա նավատորմում կիրառվող «Բուլավա» միջմայրցամաքային միջուկային հրթիռների հետ, կվերածվեն «համարժեք պատասխանի» Վաշինգտոնի նկրտումներին։ Ռուսական զինվորականների պնդմամբ, արդիականացված հրթիռները միանգամայն ունակ կլինեն հաղթահարելու ամերիկյան հակահրթիռային պաշտպանության նոր ստեղծվող համակարգը, թեկուզ և համապատասխան ռազմարդյունաբերական ձեռնարկությունն առայժմ ի վիճակի է տարեկան արտադրելու 7 միջմայրցամաքային հրթիռից ոչ ավելի, և իրադարձությունների զարգացման ամենաբարենպաստ տարբերակով անգամ հրթիռների նախատեսված 42 կոմպլեքսները համալրված կլինեն 6 տարուց ոչ շուտ։
Միևնույն ժամանակ, ողջ խաղաղասիրական հռետորաբանության պայմաններում, Ռուսաստանի համար դժվար է այսօր միջուկային զինաթափման հարցում դաշնակիցներ ձեռք բերելը։ Շատերը համարում են, որ, նկատի ունենալով ռազմավարական հրթիռների ժամկետայնությունը, առաջիկա 5-6 տարիներին Մոսկվայի տրամադրության տակ եղած հրթիռների թիվն ինքնաբերաբար կկրճատվի ենթադրյալ 1500-ից այն կողմ։ Այսինքն, առանց միջուկային ռազմավարական սպառազինությունների շուրջ որևէ պայմանավորվածության, դրանց մակարդակն ինքնաբերաբար կրճատվելու է նախատեսված նվազագույնից էլ ցածր, իսկ ԱՄՆ-ի ռազմական բյուջեն այսօր հավասարվում է ողջ մնացյալ աշխարհի ռազմական բյուջեին։ Թեպետ հենց այդ հանգամանքն էլ կարող է Մոսկվային հարկադրել «խաղագումարը դնել» հենց միջուկային սպառազինությունների վրա, որպես սպառազինությունների մրցավազքի զսպման ավելի արդյունավետ մեխանիզմ։ Արդեն իսկ հայտարարվել է, որ Ռուսաստանի նոր դոկտրինը կառուցված է լինելու հենց այս խնդիրների հաշվառումով։
Եվ այս ամենը տեղի է ունենում ռազմավարական միջուկային սպառազինությունների կրճատման նոր պայմանագրի ստորագրման բանակցությունների հերթական ռաունդից առաջ։ Առայժմ չկան հիմքեր կարծելու, որ Վաշինգտոնի ու Մոսկվայի դիրքորոշումներում հնարավոր են իրական տեղաշարժեր։ Պատահական չէ, որ կողմերը խուսափում են նոր պայմանագրի ստորագրման ժամկետը հրապարակելուց։ Ըստ պաշտոնական աղբյուրների, այսպիսի մոտեցումը դիտավորյալ է որդեգրվել, որպեսզի որևէ ավելորդ ճնշում չլինի բանակցող պատվիրակությունների վրա, թեպետ ակնհայտ է, որ պատճառը հիմնական փաստաթղթի առայժմ պատրաստ չլինելն է։ Մասնավորապես, Ռուսաստանի նախագահն արդեն հայտարարել է, որ պայմանագրի ստորագրումից հետո դրա վավերացումը կողմերը պետք է իրագործեն միաժամանակ։ «Անթույլատրելի է այն իրավիճակի կրկնությունը, որ ստեղծվեց դեռ խորհրդային ժամանակներում։ Այսինքն, ԽՍՀՄ-ը վավերացնում էր ստորագրված փաստաթղթերը, իսկ ԱՄՆ-ը համառորեն չէր դիմում այդ քայլին։ Պայմանագիրը պետք է վավերացվի զուգահեռ, կամ դրա վավերացումն առհասարակ տեղի ունենալ չի կարող»,- նշել է Ռուսաստանի նախագահը։
Բարդություններ ունեն նաև ամերիկացիները, որովհետև այդպիսի պայմանագիրը Կոնգրեսով և Սենատով անցկացնելու համար դեմոկրատները չունեն անհրաժեշտ մեծամասնություն։ Հատկապես Սենատում, ուր պայմանագրի վավերացման համար անհրաժեշտ է ոչ թե պարզ, այլ որակյալ մեծամասնություն, այսինքն, 100 սենատորներից առնվազն 67-ի աջակցությունը։ Մյուս կողմից էլ` ամերիկյան վարչակազմին անհրաժեշտ է միջուկային ռազմավարական սպառազինությունների կրճատման նոր պայմանագրի ստորագրմանն ու վավերացմանը հասնել մինչև այս տարվա մայիս ամիսը, որովհետև այդ ժամանակ նախատեսված է Վաշինգտոնի նախաձեռնությամբ կարևոր միջազգային կոնֆերանսի անցկացումը` միջուկային զենքի չտարածման վերաբերյալ։ Անշուշտ, այդ ամենին զուգահեռ ինչպես Ռուսաստանի, այնպես էլ ԱՄՆ-ի նախագահները քաղաքական անհրաժեշտություն ունեն` իրենց հասարակություններին ներկայանալու որպես կոշտ ու վճռական առաջնորդներ։ Երկուսի վրա էլ կա ռազմական և ռազմաարդյունաբերական շրջանակների ճնշումը։ Եվ եթե Ժնևում սպասվող առաջիկա բանակցություններն արդյունավետ չօգտագործվեն, ապա գործընթացը կարող է շատ երկար ձգվել։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 1674

Մեկնաբանություններ